Այսօր բողոքի ակցիա իրականացնող Կոնդի բնակիչներին Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք»: Սովորաբար ընտանիքում ստեղծված իրավիճակի համար տան մեծերն են մեղադրվում, քանի որ հենց նրանք են պատասխանատու տան բյուջեի ձևավորման և այն խելամիտ տնօրինման, ընտանիքի անդամների համերաշխության, նրանց փոխըմբռնման ու երեխաների` հասարակության մեջ ինտեգրման համար: Ընտանիքը պետության փոքր մոդելն է: Այս տրամաբանությամբ ցանկացած պետության ղեկավար պատասխանատու է այդ պետության ներքին կյանքի և արտաքին հարաբերությունների համար, պետության նախագահը պատասխանատու է նույնիսկ ամենափոքր կենցաղային խնդիրների համար, քանի երկրի ներքին ենթակառուցվածքները, տնտեսական, սոցիալական և ընդհանրապես բոլոր ոլորտների քաղաքականության «դաբրոն», ի վերջո, նախագահն է տալիս: Ավելին` մեր երկրում այդ «դաբրոն» տարածվում է նաև բարձր պաշտոնների նշանակման վրա: Ահա, թե ինչու են կոնդեցիներն այսօր Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ սպասել նրան: Մարդկանց համբերութոյւնը հատել է: Երբ քաղաքացու խնդիրը անցնում է բոլոր պատասխանատու ատյաններով և լուծում չի ստանում, նա ճարահատ ու վերջին հույսով դիմում է երկրի ղեկավարին: Կոնդի բնակիչները, ըստ խոստումների, բնակարան պետք է ստանային դեռևս 2010-ին, սակայն նրանք մինչև հիմա վարձով են ապրում, իսկ վարձավճարների փոխանցում չի կատարվում, իրենք էլ վճարունակ չեն: Մարդիկ, փաստորեն, դրսում մնալու վտանգի տակ են: Ուրեմն` ո՞ւր գնան նրանք, եթե ոչ` երկրի ղեկավարի մոտ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ